Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ

Զանգահարեք+374 10 600 022

Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ

Բերանի խոռոչի այրոցի համախտանիշն իրենից ներկայացնում է ցավագին այրոցի զգացում բերանի խոռոչում, լեզվի, քիմքի և լնդի վրա, այտերի ներքին կողմում և կոկորդում: Ախտանիշները կարող են նաև ներառել ծակոցներ կամ լեզվի ծայրի թմրում, չորություն կամ ցավ, դառը կամ մետաղական համ բերանի խոռոչում:

Այս զգացումները կարող են պահպանվել մի քանի ամիս կամ տարի:

Այս համախտանիշի զարգացման պատճառները մինչև վերջ ուսումնասիրված չեն: Տարածված պատճառները ներառում են սնուցող նյութերի պակասը, չորությունը բերանի խոռոչում, օրալ կանդիդոզը, դիաբետը, հորմոնալ խանգարումները, որոշ դեղամիջոցների ընդունումը, ինչպես նաև՝ անհանգստությունը և դեպրեսիան:

Ամերիկայի ստոմատոլոգիական ասոցիացիայի տվյալներով, այս համախտանիշը հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց մոտ, սակայն առավել հաճախ այն հանդիպում է կանանց մոտ՝ դաշտանադադարի ժամանակ և հետո: Այս համախտանիշի հետ կարող են կապված լինել նաև մի շարք հիվանդություններ՝ սննդային խանգարումներ, բերանի խոռոչում սնկային վարակներ, հակաուռուցքային թերապիա և այլն: Բերանի խոռոչի այրոցի համախտանիշի հնարավոր պատճառ կարող են հանդիսանալ նաև լեզվի և բերանի խոռոչի նյարդերի վնասումը, վատ հարմարեցված պրոթեզները, ստոմատոլոգիական նյութերի նկատմամբ ալերգիան և վահանագեղձի խանգարումները:

Բուժման առաջին քայլը ախտանիշների առաջացման պատճառի պարզումն է: Ատամնաբույժը կարող է պարզել համախտանիշի առաջացման պատճառը, ինչպես նաև խորհուրդ տալ պարզ միջոցներ՝ ախտանիշները թուլացնելու համար. օրինակ՝ փոխել ատամի մածուկը կամ փոխարինել սպիրտ պարունակող ողողելու հեղուկը սպիրտ չպարունակող հեղուկով:

Բացի այդ, ախտանշանները թեթևացնելու համար կարելի է հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից, թթու և կծու սնունդից, ինչպես նաև վերացնել սթրեսը:

Բերանի խոռոչի այրոցի համախտանիշը կարող է անհանգստության կամ դեպրեսիայի առաջացման պատճառ դառնալ: Ուստի կարևոր է միանգամից դիմել բժիշկի և չհետաձգել դրա առաջացման պատճառների պարզումը: