Նորմա՞լ է, եթե ատամները մաքրելիս լնդերը արյունահոսում են

Զանգահարեք+374 10 600 022

Նորմա՞լ է, եթե ատամները մաքրելիս լնդերը արյունահոսում են

Ոչ, եթե ատամները մաքրելիս լնդերը արյունահոսում են և գործողությունից հետո արյուն եք դուրս թքում, դա նորմալ չէ: Եթե նման բան է տեղի ունեցել, ապա, ամենայն հավանականությամբ, Ձեզ մոտ լնդերի հիվանդություն կա, որը բուժման կարիք ունի:

Լնդերի հիվանդությունները ծագում են ատամնափառի և ատամնաքարերի կուտակման հետևանքով և, ընդհանուր առմամբ, լինում են երկու տեսակի՝ գինգիվիտ և պարոդոնտիտ: Գինգիվիտը լնդերի բորբոքում է, որի ժամանակ հիմնականում ախտահարվում է լնդերի մակերեսը: Այն կարող է ուղեկցվել ցավով, արյունահոսությամբ, լնդերի կարմրածությամբ: Հիմնականում, գինգիվիը բուժվում է բերանի խոռոչի խնամքի և հիգիենայի բարելավմամբ, ինչպես նաև ատամների կանոնավոր պրոֆեսիոնալ մաքրմամբ:

Պարոդոնտիտը լնդերի ախտահարման ավելի ուժեղ աստիճանն է: Բացի գինգիվիտի ժամանակ արտահայտվող ախտանշանների, պարոդոնտիտը կարող է ուղեկցվել լնդերի ռեցեսիայով (ետաճով) և ատամների շարժունությամբ: Սա ահազանգ է՝ վկայող, որ հարկավոր է անհապաղ բուժում սկսել: Այդ նպատակով հարկավոր է դիմել պարոդոնտոլոգի: Հիվանդությունը անուշադրության մատնելու դեպքում պացիենտը ոչ միայն կարող է կորցնել ատամները, այլ նաև՝ վարակը կարող ներթափանցել այլ օրգաններ, օրինակ՝ հասնել սրտին՝ առաջացնելով լուրջ բժշկական խանգարումներ:

Կան նաև լնդերի այլ հիվանդություններ, որոնց առաջացման պատճառ է հորմոնալ ֆոնը (հղիության ժամանակ), կամ համակարգային հիվանդությունները, ինչպիսին է շաքարախտը: