Զանգահարեք+374 10 600 022
Ի՞նչ կլինի ատամների հետ՝ ոչ ալկոհոլային խմիչքների մեջ ընկղմելու դեպքում
Ապրիլի 5-ին մենք հրապարակել էինք մի հոդված, որտեղ նկարագրված էր ստոմատոլոգ Թոմ Բերմանի փորձը, ով իր իմաստության ատամը ընկղմել էր գազավորված ըմպելիքի, ջրի և էնրգետիկ ըմպելիքի մեջ՝ ուսումնասիրելու համար դրանց ազդեցությունը ատամների վրա:
Մենք որոշեցինք կրկնել փորձը: Մեր՝ «Ոչ ալկոհոլային խմիչքներն ընդդեմ ատամների» փորձը սկսվել է մայիսի 14-ին և ավարտվել մայիսի 25-ին՝՝ ընդհանուր առմամբ տևելով 11 գիշեր և 12 ցերեկ:
Փորձի համար մենք վերցրեցինք նույն ըմպելիքները՝ ջուր, գազավորված ըմպելիք, էներգետիկ ըմպելիք, և երեք ատամ, որոնք դրեցինք հեղուկների մեջ: Մինչ փորձը ատամները թեթևակիորեն ախտահանվել են ջրածնի պերօքսիդի լուծույթի մեջ՝ փորձի վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենալու համար:
Ահա, թե ինչպիսի տեսք ստացան ատամները 2 գիշեր և 3 ցերեկ անց:
Ինչպես նկատում եք, ջրի մեջ գտնող ատամը տեսանելի փոփոխությունների չի ենթարկվել: Էներգետիկ խմիչքի մեջ գտնվող ատամը մի քիչ դեղնել է: Գազավորված խմիչքի մեջ գտնվող ատամը որոշակի հատվածներում նշանակալիորեն սևացել է:
Իսկ ահա այսպիսի տեսք ունեին ատամները 4 գիշեր և 5 ցերեկ անց:
Այսպիսով, ջրի մեջ գտնվող ատամը մնացել է անփոփոխ: Սակայն էներգետիկ ըմպելիքի մեջ գտնվող ատամի դեղնությունն ավելացել է: Ավելին, ինչպես կարող եք նկատել, բաժակի հատակին նստվածք է առաջացել՝ ատամի քայքայված մասնիկներից: Գազավորված խմիչքի մեջ գտնող ատամի ավելի շատ հատվածներ են սևացել, այս հեղուկի մեջ ևս նկատվում են քայքայված մասնիկներ, սակայն, հեղուկի գույնից ելնելով, դժվար է ասել նստվածքի առկայության մասին:
Ատամները 7 գիշեր և 8 ցերեկ անց:
Հանգստյան օրերից հետո, փորձի մեջ նկատվում են նշանակալի փոփոխություններ: Մասնավորապես, ջրի մակերևույթը պատվել է անհասկանալի փառով, որը կարող եք տեսնել նկարի մեջ, սակայն ատամի վրա նկատելի փոփոխություններ միևնույնն է չկան: Էներգետիկ ըմպելիքի բաժակի հատակին և պատերին ավելացել է առաջացած նստվածքի քանակը: Ատամի գույնի փոփոխությունը ևս ավելացել է: Սակայն ամենամեծ փոփոխությունները տեղի են ունեցել գազավորված ընպելիքի և դրանում գտնվող ատամի հետ: Գազավորված ըմպելիքի վրա առաջացել է բորբոս, ըմպելիքը կարծես տարրանջատվել է հեղուկային և ինչ-որ լպրծուն զանգվածի, ատամն ամբողջությամբ սևացել է:
Մայիսի 25-ին մենք ամփոփեցինք մեր փորձի արդյունքները: Քանի որ հեղուկների հետ տեղի ունեցած փոփոխությունները սպասվածից ավելին էին, հիգիենայի տեսանկյունից ելնելով, որոշեցինք վաղաժամ ավարտել փորձը:
Ատամները մնացել են հեղուկների մեջ 11 գիշեր և 12 ցերեկ:
Այսպիսով, ջուրը կորցրել է իր թափանցիկությունը, ջրի վրայի փառը ավելի ակնհայտ է դարձել: Ատամի վրա ճաքեր են երևում:
Էներգետիկ ըմպելիքի մեջ գտնվող ատամը ՝լ ավելի է գունափոխվել, հատկապես՝ ատամի արմատը, իսկ բաժակի հատակին ավելացել է նստվածքի քանակը: Հեղուկի վրա բորբոս է առաջացել:
Գազավորված ըմպելիքի մեջ ընկղմած ատամը ամբողջովին սևացել է, էմալը քայքայվում է, հեղուկի մեջ առաջացած բորբոսը ավելացել է, հեղուկի մեջ լպրծուն զանգված կա:
Հարկ է նշել, որ այս ատամները ի սկզբանե ախտահարված էին կարիեսով, իսկ դա նշանակում է, որ հեղուկների ազդեցությունն ատամների վրա ավելի ուժեղ է: Բացի այդ, ատամները գտնվում էին հեղուկների մեջ անդադար, իսկ իրական կյանքում դա անհնար է: